Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ «22» ապրիլի 2024 թ. № 53725/12-Ա ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

30.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված


ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ
«22» ապրիլի 2024 թ. № 53725/12-Ա
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի պարտականությունները կատարող Արազ Պապիկյանս ուսումնասիրելով Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարողի 2024 թվականի ապրիլի 22-ի Վարչական վարույթ հարուցելու մասին № 53725/11-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի (այսուհետ՝ Վարույթ) նյութերը՝


ՊԱՐԶԵՑԻ
«ԲՈՒՐԱՏԻՆՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 00894114, այսուհետ՝ Ընկերություն) անվամբ արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` ռեեստր) հաշվառված է հետևյալ արտադրական վտանգավոր օբյեկտը (այսուհետ՝ ԱՎՕ)՝
ԱՎՕ գտնվելու վայր ԱՎՕ անվանում ԱՎՕ համար Գրանցման ամսաթիվ
ք. Երևան, Մյասնիկյան 20 Կարուսել «Ջրային» 8/1-1742/1 25․06․2010
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի ապրիլի 15-ի թիվ 49/4/53725-24 գրությամբ Տեսչական մարմինը տեղեկացվել է, որ վերոնշյալ ԱՎՕ-ն տեխնիկական անվտանգության փորձաքննություն չի անցել։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝
շարժասանդուղքներ, ճոպանուղիներ, կարուսելներ, ֆունիկուլյորներ, ամբարձիչ կռունկներ, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումներ և մեխանիզմներ։
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:
Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա` պայմանագրով նախատեսված ժամկետներում` պահպանելով տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պայմանների կատարումը:
Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի իմաստով կարգադրագիրը Տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով և լիազորությունների սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է` արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, եթե արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։
Վարույթի նյութերով հիմնավորվում է, որ Ընկերության կողմից շահագործվող վերոնշյալ ԱՎՕ-ները սահմանված կարգով չեն անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 83-րդ հոդվածներով, և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածով՝

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ

1. Արգելել «ԲՈՒՐԱՏԻՆՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը շահագործել հետևյալ արտադրական վտանգավոր օբյեկտը՝
ԱՎՕ գտնվելու վայր ԱՎՕ անվանում ԱՎՕ համար Գրանցման ամսաթիվ
ք. Երևան, Մյասնիկյան 20 Կարուսել «Ջրային» 8/1-1742/1 25․06․2010
2. Արգելել «ԲՈՒՐԱՏԻՆՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատողներին և այլ անձանց՝ իրականացնել սույն կարգադրագրի 1-ին կետում նշված արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմանն ուղղված որևէ գործողություն։
3. Սահմանել, որ կարգադրագրի պահանջների կատարման մասին Տեսչական մարմնին անհրաժեշտ է տեղյակ պահել՝ յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտների վերաբերյալ տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
4. Սույն կարգադրագիրն ուժի մեջ է մտնում սույն կարգադրագրի 1-ին կետում նշված անձին հանձնելուն (հանձնված համարվելուն) հաջորդող օրվանից և գործում է մինչև սույն կարգադրագրի 1-ին կետում նշված արտադրական վտանգավոր օբյեկտների վերաբերյալ տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների ստացման պահը։
5. Սույն կարգադրագիրը կարող է բողոքարկվել դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում՝ վերադասության կամ դատական կարգով։
6. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն՝ կարգադրագրի բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը։


ԱՐԱԶ ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`